Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։

Հիշեցնենք, որ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել էր անձնագիրը, սակայն օրենքի համաձայն՝ մեղադրյալ Մայրապետյանը չէր կարող հեռանալ Հայաստանից առանց ՀՔԾ թույլտվության, քանի գործարարի նկատմամբ գրավ է կիրառված:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018թ-ի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 մլն գրավով ազատ է արձակվել կալանքից:

Գործարարին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել:

Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: