Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի հրապարակել է 2 վճիռ՝ Ղուլյանն ընդդեմ Հայաստանի և «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի գործերով:

- Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործը վերաբերում է աշխատանքից ազատմանը, որը դիմումատուն համարել է անօրինական ու դիմել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմքով 2013թ-ին։ Դիմումատու Ոսկեհատ Ղուլյանին երեխայի խնամքի ժամանակ Հայաստանում գործող Բրիտանական խորհուրդն ազատել է աշխատանքից՝ մի քանի անգամ 6 ամսով նրա ֆիզարձակուրդը երկարացնելուց հետո, որի ժամանակ նա գտնվել է ԱՄՆ-ում։ Բրիտանական խորհուրդը աշխատանքից ազատելը բացատրել է նաև կադրերի կրճատմամբ։

ՀՀ-ում դատարանը գտել է, որ Բրիտանական խորհուրդը չի խախտել օրենքը՝ աշխատանքից ազատելով։ Վերաքննիչ դատարանը վճիռը նույն է թողել, իսկ վճռաբեկը չի ընդունել հայցը։

Հայցվորը ՄԻԵԴ-ում որպես նյութական վնասի փոխհատուցում պահանջել է 62 700 եվրո, և ևս 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի անաչառություն), մերժել է վնասի փոխհատուցման պահանջներն ու Հայաստանին պարտավորեցրել վճարել 3600 եվրո՝ 3 ամսվա ընթացքում։

- «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք):

1990թ-ից սկսած ընկերությունը «Շոլց ԱԳ» գերմանական ընկերությունը Հայաստանում գրանցված Ա. Սաֆարյան և Associates LLC ընկերությունից մետաղաջարդոն է գնել: 2002թ-ին գերմանական ընկերությունը LLC-ին 100 հազար եվրո վարկ է տրամադրել, որը պետք է վճարվեր մինչև 2003թ-ի հունվարի 31-ը, որը չի արվել։ Վարկի նպատակն էր, որ LLC-ն վճարեր բանկում ունեցած իր վարկը։ Հայկական ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները ու գումարի դիմաց տվել է ավելի քիչ մետաղաջարդոն։ Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերությունը դիմումատուին ունի 1 213 824 միլիոն դոլար պարտք: Կողմերը պայմանավորվել են, որ գումարը կվճարվի մաս-մաս, ինչը ևս չի արվել։

Հայցվորը ՄԻԵԴ է դիմել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով, քանի որ սովորական դատարանները մերժել են գործի քննությունը, քանի որ պայմանագրով նշված է եղել, որ խնդիրների առաջացման դեպքում արբիտրաժային դատարանն է այն լուծելու։

«Շոլց ԱԳ»-ն ՀՀ-ից պահանջել էր 1 213 824 դոլար և 116 հազար եվրո որպես նյութական և 100 հազար եվրո՝ բարոյական վնասի փոխհատուցում։

ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում ու Հայաստանին պարտավորեցրել վճարել 3600 եվրո՝ մերժելով փոխհատուցման պահանջը։