Երևան-Մեղրի միջպետական մայրուղու կարևորագույն հատվածներից մեկը լուսավորվել է՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով Մեղրիի խնդրահարույց ճանապարհահատվածում էներգախնայող համակարգ է գործարկվել:

Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքն օրվա անցուդարձն սկսում և ավարտում է տրանսպորտային ակտիվ հոսքով: Երևան-Մեղրի M2 միջպետական մայրուղում երթևեկը գրեթե չի դադարում: Դեպի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ օրվա ընթացքում անցնում են ոչ միայն ուղևորատար, այլև ծանրաքարշ բեռնատար բազմաթիվ մեքենաներ: Մեղրիում գտնվող սահմանապահ զորամաս, զինվորական ավան և գյուղատնտեսական նշանակության տարածքներ հասնելու համար ավելի քան մեկ կիլոմետր հատված մարդիկ քայլում են մայրուղու եզրով, որտեղ գրեթե չկա երթևեկելի և ոչ երթևեկելի մասերի սահմանազատում: Վրաերթի ենթարկվելու հավանականությունն ավելանում է հատկապես գիշերային ժամերին՝ բացարձակ մթության մեջ հայտնվելուց հետո: Տարիների վաղեմության՝ լուսավորության խնդիրն առկա էր ամիսներ առաջ և համարվում էր լուծման ենթակա առաջնահերթություն:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 5 ամիս առաջ ստանձնել են խնդիր լուծումը: Արտաքին լուսավորության ապահովման հարցն ընդգրկված է եղել նաև համայնքի զարգացման ծրագրում, սակայն կոնկրետ այդ հատվածում դա հաջողվել է կյանքի կոչել միայն գործակցող կողմերի աջակցությամբ: Մայրաքաղաքից ավելի քան 370 կմ հեռավորություն վրա գտնվող Մեղրիում, խնդրահարույց ճանապարհահատվածում վերջերս մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է էներգաարդյունավետ 33 LED-լուսատու: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորվել է ավելի քան մեկ կմ ճանապարհ:

«Մեղրի համայնքի զարգացման ծրագրի՝ լուսավորության բաղադրիչն այսօր համարում ենք ապահովված: Լուծվել է ոչ միայն սոցիալական, այլև՝ անվտանգության հարց: Երևան-Մեղրի մայրուղու կոնկրետ այդ ճանապարհահատվածում, միշտ ստեղծվում է կիսավթարային իրավիճակ: Հուսով ենք, որ իրականացված աշխատանքի արդյունքում ապահովված լուսավորության շնորհիվ ամեն ինչ կփոխվի: Ծրագիրը նաև բնապահպանական խնդիր է լուծել»,- ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

«Հայաստանի մի շարք համայնքներում իրականացված ծրագիրն արդյունավետ է մի քանի տեսանկյունից: Այն ժամանակակից մոտեցում է և լուծում է սոցիալական, բնապահպանական ու նաև՝ անվտանգության հարցեր: Այս լուսատուներն ի տարբերություն գազային կամ էկոնոմ լամպերի, ավելի երկար են շահագործվում, հաճախակի չեն փոխարինվում և ֆինանսական կամ մարդկային աշխատուժի լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում: Արձանագրվող էներգախնայողությունն էլ կազմում է շուրջ 65-80 %»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձանագրել են հերթական ձեռքբերումը. լուծվել է ևս մեկ համայնքի հուզող հարց, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: