ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք և զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը «լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» և շարունակել է գործել ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է նաև, որ պատժամիջոցներ կընդունվեն նաև բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք Mahan Air ավիաընկերությանը կտրամադրեն այլ ծառայություններ, այդ թվում՝ մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։