ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունն առանձանապես խոշոր չափերի չարաշահման դեպք է բացահայտել Ստեփանավանի օդանավակայանի շինաշխատանքներում։

ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ-ի մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն...» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:

Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի 4.2 կետի համաձայն ընկերությունը նախատեսված աշխատանքները պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված վերը վկայակոչած պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար Ընկերությանը տրամադրել են 255.6 մլն դրամ արժեքի մետաղյա սալիկներ և այլ գույք: Դրանից 107.8 մլն դրամ արժեքի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, նախարարությունում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է նաև, որ առկա է ընկերության կողմից նախարարությանը վերադարձված և վերջինիս հաշվեկշռում գտնվող մնացած 147.7 մլն դրամ արժեքի սալիկներից ընդհանուր 7.5 մլն դրամի 478 հատ մետաղյա սալիկների պակասորդ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: