Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել իր կողմնակիցներին։

Նա գրել է՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում»:

«Հարգելի գործընկերներ, թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում: Ձևավորված խորհրդարանական մեծամասնության որակական կազմը որևէ հնարավորություն չի թողնում հավատալու, թե իշխող նոր թիմը ունակ է արդյունավետ կերպով կառավարել երկիրը: Արդեն իսկ պարզ է, որ տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի, որ բազմաթիվ անիրականանալի և պոպուլիստական խոստումների տխուր ու կանխատեսված հետևանքն է լինելու: Իսկ տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ այսօր արձանագրվող կոպիտ սխալների գինը չափազանց թանկ է լինելու: Ավաղ, այդ գինը վճարելու է մեզանից յուրաքանչյուրը», - գրել է նա:

Ըստ Քոչարյանի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած վրիպում կարող է անդառնալի ու ճակատագրական հետևանքների հանգեցնել:

«Մի քանի բառով ասեմ իմ, այսպես կոչված, «գործի» մասին: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելը անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործը ոչ թե քանդվելու է ապագայում, այլ արդեն իսկ քանդվել է: Շարունակում եմ այն իրավաբանական աղբ համարել: Դրա ամեն մի դրվագը մեր պատմության մեջ խայտառակ մի էջ է դառնալու և, ցավոք, այդպիսին է մնալու անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ», - գրել է նա::

Քոչարյանը գրել է նաև, որ բանտարկությունը չի կարող ինչ-որ կերպ ընկճել իրեն, ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, «որքան էլ որ նման հույսեր փայփայեն գործող իշխանությունները»:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տեղի ունեցող անարդարության դեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն տրվում վախի զգացմանը և չեն ձայնարկում ամբոխին: Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է, որը տեսանելի ապագայում ավարտվելու է, քանի որ ստի կյանքը կարճ է: Քանի որ կեղծիքի, տգիտության ու ատելության վրա հիմնված որևէ իշխանություն երբևէ երկար պատմություն չի ունեցել», - գրել է նա։