Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք և «խաղաղ ճանապարհով կփոխի իշխանությունը», եթե իրեն 72 ժամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն տան:

«Երբ ես համարեմ, որ Վրաստանի հանրության ակտիվ մասը և ընդդիմությունը պատրաստ են ապահովել երկրում իմ 72 ժամյա ազատ տեղաշարժը, ես կլինեմ հայրենիքում, սա խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու սցենարն է»,- ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2»-ին` ԱՄՆ-ից:

Նա հավելել է, որ պայքարում է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ:

«Վրացական իշխանություններն ինձ հիշեցնում են խելագարների, որոնք փակել են բժիշկներին հոգեբուժարանում: Հիմա ամենակարևորն այդ խելագարներին չեզոքացնելն է` առանց ողբերգության, բռնության և զոհերի»,- նշել է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013թ-ին: Նրա դեմ իր հայրենիքում հարուցվել են մի շարք քրեական գործեր, նա գտնվում է հետախուզման մեջ: