«Առաջնային խնդիրը մեզ համար կարգավիճակն է ու անվտանգությունը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին:

Նրա խոսքով՝ փոխըմբռնումն այնքանով է, որ հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներ ունի ՀՀ-ն:

«Այն, ինչ անում ենք, անում ենք բաց ու թափանցիկ: Չկա որևէ բան, որով շարժվենք առաջ ու հասարակությունը չիմանա, այսինքն՝ հասարակությունից գաղտնի որևէ թուղթ չկա»,- հավելել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով Արցախը բանակցային կողմ դարձնելու ուղղությամբ քայլերին՝ նշել է.

«20 տարի եղել է ձևավորված մեկ ձևաչափ, որտեղ բանակցությունները տեղի են ունեցել բոլորիս հայտնի շրջանակում: Մենք չենք կարող բոլոր պարտավորությունները վերցնել՝ առանց ԼՂ-ի, սա պրակտիկ խնդիր է ու բանակցությունների արդյունավետության համար է»: