«Բոլոր խնդիրները հաղթահարում ենք ու անում առավել, քան հնարավոր է՝ ԶՈՒ մարտունակությունը պահելով պատշաճ մակարդակի: Պետք է ամեն ինչ անենք, որ բանակում ծառայեն առողջները, սահմանափակումներ ունեցողների համար այս տարվա ընթացքում փորձելու ենք ծառայության նոր ձևաչափ գտնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արդեն հայտնել էինք, որ Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ և ԼՂՀ մի շարք պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հարցին՝ ապագայում ինչպիսի՞ բանակ ենք ցանկանում ունենալ, Տոնոյանն ասել է.

«Պետք է ունենանք միջազգային բոլոր չափանիշներով բանակ ու ամեն ինչ անելու ենք, որ ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգը շարունակվի, բարելավվի»:

Խոսելով որդու ծառայության մասին՝ նշել է, որ երեկ նրա ծննդյան օրն էր.

«Ասացի՝ պարոն կրստեր սերժանտ, շնորհավորում եմ, պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարոն նախարար... Այդպիսի հարաբերություններ են հիմա մեզ մոտ»:

Հարցին՝ Մարտի 1-ի հետ կապված քրեական գործերը հարված հասցնո՞ւմ են ԶՈՒ-ին, նախարարը նշել է.

«Իհարկե, ԶՈՒ տրամադրության վրա ազդում է, բայց հաղթահարում ենք՝ անելով ավելին»: