Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Այս տեղեկությունը հաստատել է նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին:

«Պարգևավճարների հետ կապված հանրային արձագանքը մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս և գտնում ենք, որ պարզաբանման կարիք կա: Պետք է պարգևատրման հարցը մանրամասն ուսումնասիրել, բացել խնդիրը: Մենք մի կողմից ասում ենք, որ կա օրենք և օրենքի շրջանակներում գործողություններ են արվում, բայց մյուս կողմից մենք ունենք հանրային մեծ արձագանք»,- ասել է Մակունցը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս քննարկմանը նաև առաջ բերվի ՊԵԿ նախագահի փոփոխության հարցը՝ Լիլիթ Մակունցն ասել է.

«Ցանկացած հարց, որ մենք բարձրաձայնում ենք, ինքնանպատակ չէ: Մենք, եթե ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ապա ուզում ենք, որ լուծում ստանա: Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, նման խնդիր այս պահին չենք դնում»: