Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2017թ-ին չի հրապարակվել մոտ 287 մլն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն:

«Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ Այսպես, 2017թ-ին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է»,- գրել է նա:

Նա նշել է, որ Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր:

«Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները: Այստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, այդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձևավորվել թյուր տպավորություն, թե նախկինում պարգևավճարներն «ավելի համեստ էին», քանի հիմա»,- գրել է նա: