Եվրամիության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը, հնարավոր է, մեծացվի: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Ես հանդգնում եմ արդեն հիմա հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք՝ անցյալ տարվա զարգացման համար», - ասել է Յոհաննես Հանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իրադարձություններն ազդել են ֆինանսական օժանդակությունն ավելացնելու որոշման վրա, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որն այսպես ասած, նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքների գերիշխանության ու ժողովրդավարության բնագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019թ-ին»,- ասել է նա:

Հանը հավելել է, որ 300 մլն եվրոյի ծրագրեր արդեն իրագործվում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր «ճանապարհին են»:

«Վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի ոլորտում», - ասել է նա:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանում առկա դրական տրամադրվածությունն, ինչն արտացոլվում ու ազդում է նաև ներդրումային միջավայրի վրա: