Նոր Հայաստանում մարդն արվեստի, մշակույթի հետ պետք է իրական և մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման և այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը, ըստ վարչապետի, պետք է լուծի Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը:

«Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ և՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի», - գրել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Որովհետև՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետև դրանք արժեք են և ոչ թե ամենօրյա կիրառման և յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա և այսպես շարունակ: Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը»: