Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը բացառում է, որ Բանակի օրվա առթիվ Հայաստանում իր հայտարարությունների պատճառով կարող է պաշտոնանկ արվել։

«Նման խոսակցություն երբևիցէ չի եղել՝ թե նախկինում, թե այսօր և, համոզված եմ, որ ապագայում չի լինելու։ Որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, ես Արցախի Սահմանադրությամբ ամրագրված անվտանգության խորհրդի քարտուղարն եմ, ես ենթարկվում եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Երբ իմ աշխատանքներում կլինեն թերացումներ, ապա նախագահը իրավասու է, լիազորված է, ըստ օրենքի, համապատասխան որոշումներ կայացնելու Վիտալի Բալասանյանի նկատմամբ», - ասել է Վիտալի Բալասանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, թե չի կարող ասել՝ ՀՀ իշխանությունները Բակո Սահակյանի մոտ կբարձրացնե՞ն իր պաշտոնանկության հարցը, բայց մի բան հստակ կարող է ասել՝ Արցախի իշխանություններն առաջնորդվում են Արցախի Սահմանադրությամբ։

«Ես չեմ կարող ասել՝ Հայաստանի իշխանությունները կմիջամտե՞ն, թե չեն միջամտի, դա իրենց գործն է, բայց Արցախի իշխանություններն առաջնորդվում են Արցախի ժողովրդի հանրաքվեով՝ ամրագրված Սահմանադրության կետին, տառին համահունչ», - նշել է նա։

Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև լուրերին, ըստ որոնց, իր հրաժարականի պատճառը նաև կարող են լինել նախագահական վաղաժամ ընտրությունները և, որ ինքը, ըստ ամենայնի, կլինի քոչարյանական թեկնածուն։

«2020թ-ին Արցախի թե Ազգային ժողովի, թե նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում ես դեռ չեմ կայացրել։ Եթե ես որոշեմ մասնակցել, ես որևէ մեկի թեկնածուն չեմ լինի, չեմ եղել ու չեմ լինի։ Սա ասում եմ ու փակում ենք այդ ասեկոսեների թեման», - ընդգծել է Վիտալի Բալասանյանը։