Արմավիրի մարզի բնակիչ Վարդան Զեյնալյանը ֆեյսբուք իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով Արմավիրի մարզպետարանի ուշադրությունը H13 ճանապարհի որոշ մասի հիմնանորոգման կամ ամբողջապես նորը կառուցելու խնդրի վրա:

«Ճանապարհը արդեն 40 տարեկան է, և տարիներն իրենց հետ ճանապարհից բան չեն թողել։ Ամեն տարի կարկատան է արվել, բայց արդեն կարկատան անելու տեղ էլ չի մնացել։ Ճանապարհից շատ քիչ հատված է, որ անվնաս է մնացել։ Ճանապարհից օգտվում են 10 000-ից ավելի թիվ կազմող՝ Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ համայնքների բնակիչները։ Այս տարածքում գրանցված է 1 400-ից ավելի տրանսպորտային միջոց։ Ճիշտ է՝ ճանապարհը որպես այդպիսին միջհամայնքային է, բայց այն ռազմավարական նշանակություն ունի։ Տարիների ընթացքում շատ խոստումներ են եղել, բայց ճանապարհը մնացել է նույն վիճակում։ Վերջին անգամ ճանապարհը հիմնովին կառուցելու մասին նշել է նախկին մարզպետը, խոստանալով, որ 2019թ-ին այն կկառուցվի կամ կվերանորոգվի։

Վերը նշված համայքների գյուղապետերը իրենց պատրաստակամությունն են հայտնում մասնակցել ճանապարհի կառուցմանը։

Մենք՝ Մերձավան, Այգեկ, Բաղրամյան և Նորակերտ գյուղերի բնակիչներս, լինելու ենք հետևողական այս խնդրի լուծման հարցում»,- գրել է օգտատերը։