ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Այս մասին հայտնում է դատարանի կայքը:

Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019թ-ի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:

Սահմանադրական դատարանը որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել: