ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը դատապարտել են հունվարի լույս 29-ի գիշերը Կալիֆորնիայի 2 հայկական մասնավոր դպրոցների` Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական վարժարանի ու ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի վրա թուրքական դրոշներով հարձակումը:

«Հարավային Կալիֆորնիայի մասնավոր դպրոցները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով։ Այս դպրոցներ են այցելում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների բազմաթիվ սերունդներ։ Ես կանգնած եմ հայ համայնքի կողքին՝ դատապարտելու ատելության այս ակտը: Իշխանությունները միջադեպը հետաքննում են, և ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն կասկածյալներին` կանխելու լրացուցիչ սպառնալիքներն ու ահաբեկումները»,- այս մասին ֆեյսբուքում գրել է Ադամ Շիֆը։

Ատելության այս ակտը քննադատել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանն ու հայտարարություն տարածել, որում ասվում է, որ տեղեկացվել է Հարավային Կալիֆորնիայում հայկական դպրոցների ու եկեղեցիների վրա իրականացված հարձակման մասին։

«Ես խստորեն դատապարտում եմ վանդալիզմի այս նողկալի արարքը։ Այն հատկապես դաժան է այն մարդկանց համար, որոնց ընտանիքի անդամները մահացել են Հայոց ցեղասպանության ժամանակ։ Կոչ եմ անում իրավապահներին՝ վանդալներին ձերբակալելը դարձնել գերխնդիր»,- ասել է Շերմանն ու Հետաքննությունների ազգային բյուրոյին կոչ արել ատելության այս հանցագործություն ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։