Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) Կենտրոնական խորհուրդը հունվարի 15-ին Ռամալլահում կայացած քննարկման ընթացքում կոչ է արել կասեցնել Իսրայելի՝ որպես պետության ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման:

«ՊԱԿ-ի Կենտրոնեական խորհուրդը Գործադիր կոմիտեին հանձնարարել է կասեցնել Իսրայելի ճանաչումն այնքան ժամանակ, քանի դեռ նա Պաղեստինը պետություն չի ճանաչել 1967 թվականի սահմաններում, չեղյալ չի հայտարարել Արևելյան Երուսաղեմի անեքսիան և չի դադարեցրել գաղութացումը»,- ասված է փաստաթղթում:

Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը միջազգային հանրակցության կողմից ճանաչվել է պաղեստինցի ժողովրդի օրինական ներկայացուցիչը: Կենտրոնական խորհուրդը կազմակերպության ընդլայնված ղեկավար մարմինն է, որը գումարվում է Պաղեստինի Ազգային խորհրդի (վտարանդի խորհրդարանի) նստաշրջանների միջև, հաղորդել է ՏԱՍՍ-ը: