Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Նախարարության լրատվության բաժինը հայտնում է, որ CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։

«Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը վերաբերող հարցերը։

Հաղորդագրության համաձայն՝ Կովկասի բնության հիմնադրամը 2019թ-ի համար 700 հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։