Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին հորդորում է վարկ ստանալու համար չդիմել վարկային խորհրդատուների միջնորդությանը:

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից: Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը, նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար շահեկան է անմիջապես և ինքնուրույն դիմել վարկ տրամադրող կազմակերպություններին», - նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: ԿԲ կողմից լիցենզավորված վարկ տրամադրող կազմակերպությունները ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում և իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով հնարավորություն են տալիս ստանալ վարկ՝ առաջարկվող պահանջներին բավարարման դեպքում:

Նշվում է, որ բազմաթիվ վարկատու կազմակերպություններ առաջարկում են նաև վարկեր առցանց տարբերակով: Դիմելով անմիջապես լիցենզավորված կազմակերպություններին, հնարավոր է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց, ստանալ պահանջներին բավարարող ծառայություններ, լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների և պարտականությունների մասին:

«Վարկի տեսակների, դրանց տրամադրման գործընթացների, տոկոսադրույքների, դրանց տեսակների մասին տեղեկանալու և այլ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով կարելի է այցելել ԿԲ-ի abcfinance.am կայք: Վարկ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ ԿԲ պաշտոնական կայքից՝ cba.am: Վերջիններիս կողմից առաջարկվող վարկերի պայմանները կարող եք համեմատել՝ այցելելով fininfo.am ֆինանսական տեղեկատու համակարգ: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալնմանատիպ կազմակերպությունների (անհատների) կողմից մատուցվող ծառայություններից և վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին», - ասված է հաղորդագրության մեջ: