Խորհրդարանն այսօր քվեարկության դրեց նախօրեին քննարկված օրենքի նախագծերը։ Քվեարկության դրվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։

Մինչ քվեարկությունը վարման կարգով Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գրավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն հեղինակներից որևէ մեկը հաշվի չի առել դրանք։

«Ոչ մի ցեղասպանության ճանաչման բանաձևում ճանաչում բառը չի օգտագործվում, մենք շատ երկրների մեղադրում ենք ընտրովի վերաբերմունքի մեջ, մենք էլ նույնը չանենք ու ամբողջությամբ դատապարտենք»,-նշեց նա։

Նախագիծն ԱԺ-ն ընդունեց 91 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Քվերակության դրվեց ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընեթերցմամբ ընդունելու հարցը։

Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նշեց, որ այս նախագծի հետ կապված իրենց դաշինքը առաջարկություն է ներկայացրել, որը չի ընդունվել, այդ պատճառով էլ իրենք ձեռնպահ են քվեարկելու նախագծին։

Օրինագիծն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց 92 կողմ ձայնով։