Պատմաբան Արա Պապյանն անդրադարձել է Հայոց բանակի ստեղծման օրվա տոնակատարություններին և գրառում կատարել ֆեյսբուքյան էջում․

«Այս մարդը հայոց բանակի նախ ռազմական հրահանգիչ, ապաև սպա, Բրիտանական կայսության եռակի (1923-24; 1924-29; 1935-37) վարչապետ Սթենլի Բոլդուինի (Stanely Baldwin) որդի, կոմս Օլիվեր Բոլդուինն է (Oliver Baldwin): Լուսանկարում նա պատկերված է ՀՀ բանակի համազգեստով: Հիմա հարց՝ եթե հայոց բանակը ստեղծվել է 1992թ-ի հունվարի 28-ին, ապա որտեղ է ծառայել Օլիվեր Բոլդուինը 1920թ-ին:

Իհարկե, նորագույն ժամանակներում մեր բանակը ստեղծվել է դեռևս 1918թ-ին (1918-20թթ. չորսը ռազմական նախարար ենք ունեցել), և 1992թ-ին այն միայն վերաստեղծվել է, ինչպես 1991թ-ին մեր հանրապետությունը ոչ թե անկախացել է, այլ վերանկախացել, այսինքն դեօկուպացիայի է ենթարկվել, կամ գոնե այդպես ենք կարծում:

Պետականության շարունակականության և իրավահաջորդության հարցերը սոսկ պատմական մանրամասնի հարցեր չեն: Այն քաղաքական և իրավական առումներով կարևոր ճշգրտում է և էապես փոխում ու հզորացնում է մեր դիրքերը շատ հարցերում՝ այդ թվում նաև Արցախի հարցում:

Հետևաբար, միանգամայն կիսում եմ Տիգրան Խզմալյանի այն տեսակետը, որ Հայոց նորագույն բանակի ստեղծումը պետք է հաշվել 1918թ-ից (առավել ևս այն տարբեր ձևերով գոյատևել է մինչև 1940-ական թթ-ի կեսերը) և հայոց բանակի ստեղծման օրը ոգեկոչել և նշել հուլիսի 26-ին․

«Եվ այսպես, եթե մենք իրոք կարևորում և նշում ենք, որ 1918թ-ի մայիսի 28-ին մենք ստեղծել ենք վերջապես մեր անկախ երկիրը, որի լիիրավ իրավահաջորդն է նաև մեր ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որը վերականգնել և ընդունել է այդ ժամանակաշրջանի պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը, ապա ինչո՞ւ չընդունել նաև այն ակնհայտ փաստը, որ հայոց բանակն իրականում ձևավորվել է դեռևս մեկ դար առաջ, իսկ ավելի ստույգ՝ 1918թ-ի հուլիսի 26-ին, երբ անկախություն հռչակած Հայաստանում որոշում է կայացվել Ազգային բանակ կազմավորելու վերաբերյալ»: