2018-ին ֆուտբոլային ակումբներն ընդհանուր առմամբ տղամարդ ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ռեկորդային գումար են ծախսել՝ 7.03 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել ՖԻՖԱ-ն իր տարեկան զեկույցում: Փաստաթղթի հեղինակները նշել են 10.3 տոկոս աճ 2017թ-ի համեմատ:

Ընդհանուր առմամբ 2018թ-ին ավելի քան 16.5 հազար անցում է իրականցվել, ինչը 5.6%-ով ավելի է, քան 2017թ-ին: Առավել հաճախ տրանսֆերների են մասնակցել բրազիլացի (1753 անցում), արգենտինացի (891) և բրիտանացի (693) ֆուտբոլիստները, գրում է Deutsche Welle-ն:

Ամենից շատ գումար ծախսվել է բրազիլացի (1.154 մլրդ դոլար), ֆրանսիացի (732.9 մլն) և իսպանացի (596.6 մլն) ֆուտբոլիստների անցումների վրա:

5 եվրոպական երկիր՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան միասին ծախսել են տրանսֆերների վրա ավելի քան 5.1 մլրդ դոլար:

Կանանց ֆուտբոլում տրանսֆերների մասին տվյալները ՖԻՖԱ-ն առանձին է ներկայացրել: Ըստ ֆեդերացիայի, 696 տրանսֆերին մասնակցել է 614 կին ֆուտբոլիստ 72 երկրից: Ընդհանուր առմամբ անցումների վրա ծախսվել է 600 հազար դոլար: