Երևանի քաղաքապետարան գործարկել է մանկապարտեզներում երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող mankapartez.yerevan.am կայքը։

Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները, որոնք այսուհետ անձամբ կհետևեն համակարգի ողջ ընթացքին, գործ կունենան միայն իրենց անձնական տվյալների հետ:

Այստեղ մուտքագրվել են մայրաքաղաքի մանկապարտեզներին վերաբերող բոլոր տվյալները, ըստ այդմ, գործում է 160 մանկապարտեզ, 948 խումբ, կա նախակրթարան հաճախող 29 823 երեխա, հերթագրված՝ 8 285: Մանկապարտեզների կառավարման համակարգը ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը:

Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:

Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշել երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը և երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս:

«Այստեղ արդեն կտեսնեք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը և թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

Մասնագետները նշում են. արվել է հնարավորը՝ համակարգը մատչելի դարձնելու համար: Պարզապես հարկավոր է հետևել համապատասխան հրահանգներին:

Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը ևս առկա է կայքում՝ հղման միջոցով: Արտոնությունների ցանկում ընդգրկված են մի շարք խմբեր: Քաղաքապետի որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա: