ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին Դեմոկրատական կուսակցության կարիքների համար միջոցների տրամադրման մասին խնդրանքով նամակում պնդել է, որ երկիրը չի դիմանա 2020թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին: Նամակից հատվածներ է ներկայացրել Fox News-ի լրագրողը:

«Թրամփը՝ անտեսելով դիվանագիտությունը, փչացնում է միջազգային հարթակում մեր երկրի վարկանիշն ու խախտում մեր ժողովրդավարության հիմքերը: Մեր ժողովրդավար երկիրը չի դիմանա Դոնալդ Թրամփի կառավարման ևս 4 տարիներին, և այդ ներքին քաոսը դադարեցնելու միակ միջոցը 2020թ-ին դեմոկրատներին ընտրելն է»,- կարծիք է հայտնել Ջոն Քերին:

Նշենք, որ 2018թ-ի նոյեմբերին Ջոն Քերին հայտարարել էր 2020թ-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին: 2004թ-ին նա պարտվել էր Ջորջ Բուշ կրտսերին:

2013-2017թթ-ին զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: