Ես առաջարկում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին հեռացնի զբաղեցրած պաշտոնից 2 օր առաջ արած խայտառակ հայտարարություններից հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը` անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ Արման Պողոսյանի հնչեցրած հայտարարությանը:

Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ փոխնախարարի հայտարարությունը խոսում է այն մասին, որ նա ընդհանրապես տեղյակ չէ փաստաբանական գործունեությունից:

«Հաշվի առնելով այդ տղայի դատողությունները ՀՀ սահմանադրության, անձի իրավունքի պաշտպանության, պետական պաշտպանության իրավունքի, անմեղության կանխավարկածի վերաբերյալ՝ կարծում եմ, որ եթե Կառավարության ներկայացուցիչը տարրական պատկերացում չունի փաստաբանական գործունեության մասին, համաձայն որի փաստաբանությունը, ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանություն է, և եթե Կառավարության ներկայացուցիչ պաշտոնյան նման վերաբերմունք ունի մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ, ապա ես ուղղակի ցավում եմ, որ այդպիսի ընկալում կա նրա կողմից»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Արման Պողոսյանն ասել էր.

«Եթե փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները, և հարց է ծագում՝ ազգովի պե՞տք է սուբսիդավորենք այդ հանցագործներին»:

Անդրադառնալով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով փաստաբանների, խորհրդատուների հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվում՝ Նորայր Նորիկյանն ասաց.

«Օրենքի նախագծով փորձ է արվում կազմաքանդել փաստաբանական համայնքը:

Այն, որ նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու, նշանակում է, որ ես՝ որպես փաստաբան կա՛մ պետք է դադարեցնեմ մասնագիտական գործունեությունս, կա՛մ ստվերում փորձեմ գործել, կա՛մ պարզապես ավելացնեմ փաստաբանական ծառայությունների գումարը, որը կարող է ձեռնտու չլինել»:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ նախագիծը պետք է ընդհանրապես հանել շրջանառությունից, այն այս տեսքով չպետք է դառնա օրենք: Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ փաստաբանական համայնքը թույլ չի տալու, որ արվեն այնպիսի գործողություններ, որոնք կկազմաքանդեն համայնքը, փաստաբանը շեշտեց, որ պատրաստ են ակտիվ պայքարի: