Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը փետրվարի 5-ին երկօրյա այցով կմեկնի Թուրքիա, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հայտնի է, որ Ցիպրասը Թուրքիա է մեկնում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Երկու երկրների ղեկավարներն Անկարայում առանձին հանդիպում կունենան, որից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նշվում է, որ հաջորդ օրը Հունաստանի վարչապետը պատրաստվում է մեկնել Ստամբուլ՝ այցելելով նաև Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին:

Ակնկալվում է, որ Ցիպրասն ու Էրդողանը կանդրադառնան նաև Կիպրոսի հիմնախնդրին ու Էգեյան ծովում թուրք-հունական լարվածության վերջին դեպքերին:

Անցյալ տարի Ցիպրասը հայտարարել էր, որ հունական կողմը չի պատրաստվում հանդուրժել թուրքական սադրանքներն Էգեյան ծովում և թույլ չեն տալու որևէ մեկին մարտահրավեր նետել իրենց տարածքային ամբողջականությանը: