Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում:

Քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում: Ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է 17-18-րդ դարերին: Եկեղեցին 2007 թվականին անցել է Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության պահպանության տակ և վերականգնվել:

Նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը պատմել է, որ եկեղեցու որմնանկարները հայտնաբերվել են 2007 թվականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արվել: Մինչ այդ որմնանկարները պատված են եղել սվաղով: «Ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում՝ միայն այս եկեղեցում կան, ինչն էլ ավելացնում է եկեղեցու կարևորությունը»,-ասել է նա: Քըլըչը պատմել է, որ մինչև 2007 թվականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ: