Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով:

«Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ 2017թ-ի վերջ, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Ես առաջարկել եմ, որ մինչև 2018թ-ի վերջ 27 տարին լրացած անձանց ևս հնարավորություն տրվի, որ վերադառնան Հայաստան, սահմանված ժամկետում վճարեն օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվեն քրեական հետապնդումից»,- ասաց Գորգիսյանը:

Շատ են այն քաղաքացիները, ովքեր գնացել են Եվրոպա սովորելու և հիմա ցանկանում են վերադառնալ, սակայն վերադառնալու պարագայում կենթարկվեն քրեական հետապնդման ու կձերբակալվեն:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործել է 2003թ-ից: Օրենքի գործողության ժամկետը բազմիցս երկարացվել է: Գորգիսյանը նշեց, որ գրեթե ամեն տարի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծն առաջարկել է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

«Բայց քանի որ Սփյուռքի նախարարության կարգավիճակը դեռ պարզ չէ, այդ նախագիծը մենք դրեցինք շրջանառության մեջ»,- նշեց նա:

Գորգիսյանը շեշտեց՝ շատ են այն քաղաքացիները, ովքեր ԼՀԿ-ին անընդհատ գրում ու ասում են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան:

«Շատ են հատկապես այն քաղաքացիները, ովքեր որպես ուսանող գնացել են արտերկիր ու հիմա ցանկանում են վերադառնալ»,- ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ ժամկետը երկարացնելով հնարավորություն կտրվի շատ մարդկանց վերադառնալ Հայաստան:

Նախագիծը պետք է քննարկվի կառավարությունում, հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Ազգային ժողով: Դեռ նախորդ գումարման ԱԺ-ում Գորգիսյանը ևս ներկայացրել էր նախագիծը, այն ստացել էր կառավարության հավանությունը, սակայն խորհրդարանը չէր հասցրել քննարկել: