Բռնությունը, տարհանումը և խիստ ծանր պայմանները հյուսիսային և արևելյան Սիրիայում 2018թ-ի դեկտեմբերից սկսած ավելի քան 32 երեխայի մահվան պատճառ են դարձել, հաղորդում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը:

«Հաջինին հարող շրջաններում չդադարող պատերազմական գործողությունները հազարավոր մարդկանց ստիպել են բռնել գաղթի ճանապարհ դեպի համեմատաբար անվտանգ Ալ Հոլ փախստականների ճամբար, որը գտնվում է 300 կիլոմետր դեպի հյուսիս հեռավորության վրա: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած մոտ 23 հազար մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ, 3 օր քայլելով անապատի ծանր ձմեռային պայմաններում և շատ քիչ սնունդով, դժվարությամբ հասել են ճամբար ծայրահեղ ուժասպառ վիճակում: Իսկ միայն վերջին երեք օրերի ընթացքում 5 հազար մարդ է ժամանել ճամբար», - ասված է հաղորդագրությունում, որը հրապարակել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը:

«Անվտանգության բացակայության պատճառով անհնար է հումանիտար օգնություն հասցնել գաղթի ճանապարհը բռնած երեխաներին: Դժվար ճամփորդությունը, ցուրտ եղանակն ու երկար ժամանակը, որ ընտանիքներն անց են կացնում անցակետերում ամենաքիչը 29 երեխայի, իսկ վերջին երկու օրերի ընթացքում ներառյալ 11 նորածնի մահվան պատճառ են դարձել», - փոխանցում է ՅՈւՆԻՍԵՖ-ը:

«Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբում անցյալ շաբաթվա պատերազմական գործողություններից զոհվել է երեք երեխա, իսկ շատերն էլ վնասվածքներ են ստացել: ՅՈւՆԻՍԵՖ-ի գործընկեր կազմակերպության աշխատակից ուսուցիչը իր որդու հետ նույնպես սպանվել է այս բռնության արդյունքում», - ասված է հաղորդագրությունում:

ՅՈւՆԻՍԵՖ-ը դիմում է բոլոր կողմերին՝ աջակցել կարիքավոր երեխաներին ուղղված անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական գործողությունների հասանելիությանը:

Հակամարտության կողմերը անբարեխղճորեն անտեսում են պատերազմի բոլոր կանոնները: ՅՈւՆԻՍԵՖ-ը կրկին ու կրկին կոչ է անում պատերազմող կողմերին վտանգից զերծ պահել բոլոր երեխաներին՝ նույնիսկ հակամարտության թեժ շրջաններում: Այս ամենին ոչ մի արդարացում չկա՝ երեխաները բռնության թիրախ չեն ու երբեք չպետք է լինեն», - հայտարարում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: