Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Ռ. Քոչարյանի փաստաբան Հայլ Ալումյանն ասաց, որ բողոքի քննությունն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը հրապարակվելու փետրվարի 7-ին։

«Տեղի ունեցավ լիարժեք դատավարություն, կողմերի բոլոր փաստարկները քննարկվեցին, կողմերին հնարավորություն տրվեց ցանկացած ծավալի փաստարկներ ներկայացնել։ Ամեն ինչ քննարկվեց»,- ասաց փաստաբանը։

Հարցին, կոնկրետ ի՞նչ հարցեր են հետաքրքրել դատարանին, Հ. Ալումյանն ասաց.

«Անձեռնամխելիության հետ կապված մենք վերաքննիչ բողոքում խնդիր էինք դրել, դատարանին հետաքրքրում էր մյուս կողմի դիրքորոշումը պարոն Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված։ Նաև այն բանի հետ կապված, թե ինչ է պետք հասկանալ, ըստ մեղադրանքի կողմի, երբ որ ասում են, որ փաստացի դադարել էին գործել Սահմանադրության որոշակի նորմեր։ Դատարանը փորձեց ճշտել, թե որ նորմերն են»։

Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այս գործով կարո՞ղ է արժեքավոր տեղեկատվություն տալ, փաստաբանն ասաց.

«Որևէ բան չեմ կարող ասել։ Սերժ Սարգսյանի հետ որևէ առնչությունում չունեմ։ Գործով, եթե անգամ ցուցմունք է տվել, ես այդ ցուցմունքը չեմ տեսել»։

Հ. Ալումյանի խոսքով, քննիչի կողմից դատարան ներկայացված ցուցմունքներում կան սպայական կազմից բարձրաստիճան մարդիկ, ովքեր հարցաքննվել են։

Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյանը տեղյալ է եղել, թե ի՞նչ գործողություններ են կատարվել մարտի 1-ի առավոտյան, փաստաբանն ասաց.

«Անգամ մեղադրանքի մեջ այդ առավոտյան իրադարձությունները պարոն Քոչարյանին չեն մեղսագրված»։

Հ. Ալումյանը տեղեկացրեց, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ամենավերջում մոտ կես ժամ ներկայացրել է իր դիրքորոշումը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք այսօր վեց ժամվա ընթացքում քննարկվել են.

«Մեղադրանքի բոլոր դրույթներին հերթով անդրադարձավ, իր դիրքորոշումն արտահայտեց»։

Փաստաբանն ասաց, որ մեղադրողներն անդրադարձել են իրենց փաստարկներին, փորձում էին հերքել իրենց փաստարկները։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշմամբ, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ էլ փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: