«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը կոչով դիմում է անհատ քաղաքացիներին, շինարարական և այլ կազմակերպություններին աջակցել նախաձեռնությանը․

«Ես Միքայել Բադալյանն եմ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչը։ Մենք նախաձեռնել ենք մի երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն, որը կոչվում է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից»։ Մեր այս նախաձեռնության նպատակն է մաքրել հուշարձանի տարածքի շինաղբի կույտերը, որոնք համատարած զբաղեցնում են հուշարձանի տարածքի մի զգալի հատվածը։

Կարմիր բլուր հնավայրը համարվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի կարևորագույն հուշարձաններից մեկը։ Պատահական չէ, որ Ռուսաստանում լույս տեսավ մի գիրք «Сто великих археологических открытий» վերնագրով, որում Հայաստանից միակ հուշարձանը, որն ընդգրկված է աշխարհի 100 լավագույն հուշարձանների ցանկում, Կարմիր բլուրն է։ Եվ ժամանակին Կարմիր բլուրը Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն էր։ Հուշարձանում կար կանաչ գոտի, սակայն ցավոք 90-ականներից հետո, երբ սկսեց տնտեսական ճգնաժամը, կանաչ գոտին հատվեց․ և հուշարձանի տարածքը սկսեց պարբերաբար լցվել շինարարական աղբի կույտեր։ Մեր նպատակն է մաքրել Կարմիր բլուրի 2700 ամյա ուրարտական քաղաքային հատվածի տարածքը, վերացնել աղբը։

Մեր նախաձեռնությանը անհրաժեշտ կլինի շին տեխնիկա։ Դիմում ենք բոլոր շինարարական կազմակերպություններին, ովքեր ունեն տրակտորներ, բեռնատարներ։ Մեզ նաև պետք են կամավորներ, քանի որ կան տեղեր, որտեղ ուղակի անթույլատրելի է, որ շինտեխնիկան աշխատնի, որովհետև վտանգավոր է հնագիտական շերտերի համար։

Մյուս մեր կարևոր քայլը լինելու է բաց հաշվեհամարի բացումը, որին յուրաքանչյուր ոք, ով կուզենա իր փոքրիկ ներդրումն ունենա Կարմիր բլուրը շինաղբից ազատելու գործում, կարող է փոխանցել գումար և այդպիսով նպաստել աշխատանքներին։ Մենք շուտով կտեղեկացնենք նաև հաշվեհամարի մասին մեր էջում։

Լինելու է նաև միջոցառում, դասախոսություն Երևանի Ուրարտական հուշարձանների մասին, որը վարելու եմ ես ինքս՝ պատմական գիտությունների թեկնածու և հնագետ Բադալյան։ Դասախոսության մուտքը լինելու վճարովի, որի ամբողջ հասույթն օգտագործվելու է ընթացիկ աշխատանքների ընթացքում։

Անցկացնելու ենք նաև այլ տիպի հանգանակություններ։ Ես արդեն իսկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մինչ օրս աջակցել են մեր նախաձեռնությանը»։