Յակուտիայի 13 շրջանների հարյուրից ավելի դպրոցներում ուսումնական գործընթացը սահմանափակված է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:

Յակուտիայի հիդրոօդերևութաբանական ծառայության վարչության տվյալներով՝ հունվարի 15-ին տարածաշրջանի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանն իջել է -50 աստիճանից: Օրինակ, Օյմյակոնում և Դեպուտատսկի ավանում եղել է -53 աստիճան, Ուստ Ներում՝ -54, Բատագայում՝ -55, Վերխոյանսկում՝ -56 աստիճան:

Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում գրանցվել է -39 աստիճան: Օդի ջերմաստիճանի նվազման կապակցությամբ ուսումնական գործընթացը սահմանափակված է Յակուտիայի 13 շրջաններում: Ընդհանուր առմամբ պարապմունքները դադարեցված են 107 դպրոցներում, որտեղ սովորում են 9,6 հազարից ավելի երեխաներ: