Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ֆրանսիական «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Արմեն Սարգսյանը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների ու մասնագետների, լավ գործընկեր կարող է լինել ֆրանսիական կողմի համար։ Համաձայնություն է ձեռքբերվել ապրիլ ամսին ֆրանսիական ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին՝ հստակեցնելու գործակցության կոնկրետ ծրագրերը։

Նշենք, որ «Դասո սիստեմս»-ը գործում է Dassault Group խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Հանրապետության Նախագահը Փարիզում կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Արմեն Սարգսյանը 2016թ-ից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: