ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ: Այս մասին հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը:

Նշենք, որ ընկերությունը պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում: Այն իր մեջ ընդգրկել է շուկայի կառուցվածքի և մրցակցային իրավիճակի վերլուծությունից մինչև գնագոյացում՝ ողջ շղթան:

Գյուղատնտեսության բնագավառում ներգրավված են մոտ 340 000 գյուղացիական տնտեսություններ, որոնք փաստացի իրենց արտադրանքի մշակման ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Այս հանգամանքը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն ունեն թունաքիմիկատների շուկայում տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ իր հերթին ուղղակի անդրադառնում է հայկական գյուղ մթերքների վերջնական գնի ձևավորման վրա: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մեր երկիր հիմնականում ներկրվում և իրացվում է 3 տիպի թունաքիմիկատ՝ միջատասպան դեղեր (ինսեկտիցիդներ), մոլախոտերի դեմ դեղեր ( հերդիցիդներ) և հակասնկային հիվանդությունների համար կիրառվող դեղեր ( ֆունգիցիդներ): Ներկրման հիմնական երկրներն են Չինաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Հնդկաստանը և Գերմանիան:

Հանձնաժողովի վերլուծությունն ընդգրկել է 2017-2018թթ-ը, որոնց համաձայն վերոնշյալ երեք խումբ թունաքիմիկատների ներկրման և իրացման մասով էլ առկա են խոշոր ընկերություններ: Ընդհանուր առմամբ շուկայում գործում է 12 ընկերություն, որոնցից առաջատար ընկերության՝ «Նատալի Ֆարմի» մասնաբաժինը կազմել է 44%, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31% մասնաբաժնով, իսկ մնացած թվով 10 ընկերությունների մասնաբաժինները միասին կազմում է շուկայի 25 -ը:

Համաձայն մրցակցության օրենսդրության դրույթների, նշված ընկերություններն ունեն գերիշխող դիրք և իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Թունաքիմիկատների շուկայի ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ-ին «Նատալի Ֆարմը» բարձրացրել է վաճառքի գինը, ինչը կարող է հանդիսանալ գերիշխող դիրքի չարաշահում

Գնի բարձրացման պատճառներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ իսկապես, 2018թ-ին 2017թ-ի համեմատ բարձրացել են որոշ տեսակի թունաքիմիկատների ներկրման գները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել: Սակայն, գյուղացիական տնտեսություններին այն վաճառվել է անհամեմատ բարձր արժեքով, այսինքն ըստ էության վաճառքի գինը բարձրացել է շատ ավելի մեծ չափով, քան ձեռքբերման արժեքները և այլ ծախսերը միասին: Այսպես. 2017թ-ի առաջին կիսամյակում դիտարկվող ապրանքների ինքնարժեքը կազմել է 1 900 դրամ, իսկ մանրածախ վաճառքի գինը՝ 2500 դրամ (+600), իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում ինքնարժեքը եղել է 2100, իսկ վաճառքի գինը՝ 3100 դրամ (+1000) : Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև ինքնարժեքն աճել է 10 տոկոսով, սակայն վաճառքի գինը ավելի քան կրկնակի՝ 24%-ով, ինչը հանգեցրել է նաև ընկերության շահութաբերության աճին:

Վերոնշյալ խնդիրների հիման վրա Հանձնաժողովը իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ առաջիկայում խնդիրը առավել մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաև տնտեսվարողից տեղեկատվություն և հիմնավորումներ պահանջելու նպատակով: