«2016թ-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՀ և Արցախի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»․ Աշոտ Ղուլյան
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե 2017թ-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2016թ-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:
«Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին:
Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի: Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»,- ասվում է գրառման մեջ:
Ղուլյանը հավելել է, որ բազմիցս նշել է և այսօր էլ շարունակում է պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են:
«Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»,- ասվում է գրառման մեջ: