Բարձրագույն որակավորման կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում՝ գրագողության դեմ պայքարելու համար:

«Գրագողությունը ոչ միայն գիտական աստիճանաշնորհման համակարգի չարորակ ուռուցքն է, այլ նաև բուհական կրթության։ Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խմբի ստեղծում, որը կհամակարգի և կմշակի գրագողության դեմ պայքարի մոտեցումներ: Անդրանիկ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին` ժ. 15:00-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Ալ. Մանուկյան 1, կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում)»,- տեղեկանում ենք կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր վերջին հարցազրույցներից մեկում, անդրադառնալով նշված նպատակին ու գրագողության խնդրին, ընդգծել էր, որ գրագողությունը Հայաստանում սահմանված չէ, չկան չափանիշներ, որոնք թույլ կտան որոշել՝ ով է գրագող և ով գրագող չէ:

«Դրա համար մենք խուսափում ենք իրավական գնահատականներ տալ: Երբ որ մենք այդ ոլորտը կկարգավորենք, դրանից հետո կկարողանանք գնահատել: Մեզ ամենամեծ քննադատողին էլ մենք առաջարկել ենք ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը պետք է մշակի գրագողության սահմանման չափանիշները, որպեսզի հետագայում կարողանանք իրավական ուժ տալ»,- ասել էր Սմբատ Գոգյանը:

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին, որը գրեթե ամենօրյա ռեժիմով անդրադառնում է գրագողութան թեմային և դրա մեջ մեղադրում տարբեր գործընկերների:

Բայց չնայած գրագողության հստակ չափանիշների բացակայությանը, լինում են դեպքեր, որ բարձրագույն որակավորման կոմիտեն մերժում է այս կամ այն ատենախոսությունը՝ գրագողություն պարունակելու հիմնավորամամբ: Կոմիտեի նախագահը նկատում է, որ դա հնարավոր է լինում, երբ գրագողությունը կազմում է տասնյակ էջեր ու անհերքելի է: Խնդիրը բարդանում է փոքր ծավալների դեպքում: