Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը մեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներով՝ խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար:

2017թ-ից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները:

«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործընկերները համակարգված ձևով՝ երկու փուլով, Դովեղում ստեղծվել են արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Իրականացված ծրագրի արդյունքում, համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով մոտ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:

«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլև առավել կարևոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար, մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթևացնելու և գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաև նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով և պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-01:00, իսկ ձմռանը՝ 18:00-24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր: