Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին
Մոսկվայում 83 տարեկանում մահացել է կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան և ռեժիսոր, ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին։
Դեկտեմբերի վերջին տեղեկատվություն էր տարածվել, որ նա անհապաղ հոսպիտալացվել էր, վիճակը ծանր էր, թեև հիվանդանոցից ասել էին, որ նա այնտեղ է կանխարգելիչ բուժման համար։
Ժողովրդական արտիստը սովորել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ուսումնառության ժամանակ մասնակցել է Լենինգրադի պետական համալսարանի թատրոն-ստուդիայի բեմադրություններին, որոնք ղեկավարում էր դերասան և մանկավարժ Եվգենիա Կարպովան:
1955թ-ին, իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսն ավարտելուց հետո, նա ընդունվում է Ա. Ն. Օստրովսկու անվան Լենինգրադի թատերական ինստիտուտ: 2-րդ կուրսն ավարտելուց հետո, 1957թ-ին, Սերգեյ Յուրսկին հրավիրվում է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն: 1960-ականների կեսերին թատերախմբի առաջատար դերասաններից էր, նրա խաղացած լավագույն դերերից են Չացկին, Տուզենբախը, Եզոպոսը, պրոֆեսոր Պոլեժաևը: Այստեղ Սերգեյ Յուրսկին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` 1974թ-ին բեմադրելով «Մոլիեր» պիեսն ըստ Միխայիլ Բուլգակովի:
Դերասանին մեծ ճանաչում են բերում Վիկնիկսորի («ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմում) և Օստապ Բենդերի («Ոսկե հորթը» ֆիլմում) դերերը: Հանդես է եկել որպես ասմունքող դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: 1978թ-ին Սերգեյ Յուրսկին տեղափոխվել է Մոսկվա և դարձել է Մոսխորհրդի անվան թատրոնի դերասան, այնուհետև` ռեժիսոր: 1991թ-ից միաժամանակ խաղում և ներկայացումներ է բեմադրում «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի բեմում: 1970-ականներին իր կողմից գրած «Չերնով» պատմվածքը դարձել է կինոյում որպես ռեժիսոր նրա առաջնախաղի գրական հիմքը: 2011թ-ին դարձել է «Թատերական աստղ» մրցանակի դափնեկիր: Սերգեյ Յուրսկին մի քանի արձակ գրքերի և պիեսների հեղինակ է, որոնք հրապարակել է Վացետիս կեղծանվամբ։