Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն անտանելի է դառնում, որ քաղաքական գործիչները գոնե քաղաքագիտության մեկ դասագիրք չեն բացում, չեն բացում դրա քաղաքական ռեժիմներ կամ համակարգեր բաժինները ու չեն տարբերակում տոտալիտարիզմը ավտորիտարիզմից, ավտորիտարիզմը հիբրիդային ռեժիմներից, վերջիններս էլ ժողովրդավարությունից: Սխալ, որ Հայաստանում, այժմ էլ Արցախում թույլ են տվել ու տալիս բազում քաղաքական գործիչներ ու ուժեր՝ Սասնա Ծռերից մինչև Երկիր Ծիրանի, նախկինում ՀԱԿ և այլն: Անկախ Հայաստանը երբեք չի եղել տոտալիտար՝ ամբողջատիրական երկիր: Հայաստանը անգամ չի եղել դասական ավտորիտար՝ ինքնակալական երկիր՝ ոչ սուպերնախագահության, ոչ էլ առավել ևս սուպերվարչապետական կառավարման դեպքում: Այդպիսին չի եղել նաև Արցախը: Մենք կլասիկ հիբրիդային ռեժիմ ենք եղել, որը ժամանակ առ ժամանակ ցույց է տվել ավտորիտար դեմք, իսկ մնացած ժամանակներում կիսաժողովրդավարական է եղել երկու կարևոր չափանիշների շատ հայտնի մատրիցայով՝ գրեթե լիարժեք մասնակցությամբ /բոլորը ձևական կարող են ամեն ինչին ու հատկապես քաղաքական կյանքին, ընտրություններին մասնակցել/, բայց սահմանափակ մրցակցությամբ՝ ելքը հօգուտ օլիգարխիկ խմբերի:

Մեր քաղաքական ռեժիմի գույները խտացնելով, այն բռնապետություն ու չգիտեմ ինչ անվանելով, ենթադրենք անտեղյակ զանգվածին է հնարավոր համոզել, բայց ոչ թե խելոք հատվածին: Մարդիկ չեն մտածում, որ ամեն ինչ սկսվում է իրավիճակի, ելակետի ճիշտ սահմանումից ու գործողությունների ծրագրի հաջողության անհրաժեշտ, բայց ոչ իհարկե բավարար պայմաններից մեկը դա է: Սխալ ելակետի վրա կառուցում են սխալ գործողությունների ծրագիր, հետո էլ զարմանում, թե ինչու ձախողվեցին.... Ամենայն հարգանքով Բադասյանի կամ որևէ մեկի՝ ազատագրական պայքարում ունեցած ներդրման հանդեպ, չեմ կարող չասել, ընկերներ, գոնե հանուն ձեզ ու ձեր հաջողության ֆրեյմինգը ճիշտ արեք, դա քաղաքականության առաջին ու ամենակարևոր քայլն է»: