Հիմք ընդունելով ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխանցած տեղեկատվությունը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործողությունները դեղատներում՝ «Yong Gang» կեղծված կենսաբանական ակտիվ հավելումները (պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ) հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Արդյունքում «Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ում ևս հայտնաբերվել է վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (100 տուփ), որն, ըստ ընկերության ղեկավարի, ձեռք է բերվել ֆիզիկական անձից և հետագայում տրվել իրացման դեղատներում:

«Մարկ Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրինությանը տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Վերահսկողական գործողությունները իրացման կետերում, մասնավորապես՝ դեղատներում, շարունակում են:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ տվյալ արտադրանքը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և առողջության համար, ուստի քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել, չգնել «Yong Gang» կոչվող կենսաբանական ակտիվ հավելումներ, իսկ դեղատներում կամ այլ իրացման կետերում նշյալ ապրանքատեսակը նկատելու դեպքում զանգահարել Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի թեժ գծի 010206040 կամ 012906090 հեռախոսահամարներով:

Ավելի վաղ տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: