Ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտարարել է, որ դոպինգի համար որակազրկված ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը մտադիր է վերադառնալ մեծ սպորտ։ Այս մասին գրում է mamul.am-ը։

«Հռիփսիմե Խուրշուդյանը կվերադառնա մեծ սպորտ։ Նա հնարավորություններ ունի։ 87 կգ քաշային կարգը հենց իր քաշային կարգն էր։ Նա կիսատ թողեց իր գործը։ Կարևորը կենսաբանական տարիքը չէ, կարևորը՝ մարդու մեջ կա կրկին չեմպիոն դառնալու ցանկությունը, թե ոչ։ Նա պետք է ասի․

«Ես ուզում եմ չեմպիոն դառնալ, երազում եմ և հասնում եմ նպատակիս։ Վերջ։ Օգնելո՞ւ է ինձ ընկեր Արտաշը։ Ուրեմն հավատում եմ ընկեր Արտաշին ու գնում եմ առաջ։ Օգնելու է ընկեր Սիմոնը, թե ընկեր Թորոսը, հավատում եմ մեկին ու գնում առաջ՝ չեմպիոն դառնալու»։

Սա է կարևորը։ Որակազրկման ժամկետն էլ կանցնի, նորից կմտնի մեծ սպորտ։ Շատ են նման դեպքերը։ Մարդկային տեսնակյունից՝ որպես ծնող, չեմ ուզում, որ վերադառնա, չարչարվի, բայց եթե նա ցանկություն ունի, ոչ ոք չի կարող ասել՝ մի արի»,- նշեց Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Խուրշուդյանն այս պահին որակազրկված է՝ դոպինգի համար։ Նրա՝ 2008 և 2012թթ-ի օլիմպիական խաղերի փորձանմուշները դրական են եղել։ Նա զրկվել է օլիմպիական խաղերի մեդալից և որակազրկվել մինչև 2020թ-ը՝ հայտարարելով, որ ավարտվում է մարզական կարիերան, ինչի մասին հայտնել էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։