«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է աջակցել Մատենադարանին. 2019թ-ին էլ 20, 000 դոլարի դրամաշնորհը կուղղվի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը:

Հայկական գրչության կենտրոնները յուրահատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Դրանք եղել են արվեստի և մշակույթի յուրօրինակ կենտրոններ, որտեղ հայ գրիչներն ու մանրանկարիչներն ստեղծել են իրենց գործերն, ընդօրինակել ձեռագրեր: Ինտերակտիվ քարտեզը կմեկտեղի այս կենտրոններն ու կստեղծի հայկական ձեռագիր մշակույթի մեկ ամբողջական պատկեր: Այն կդառնա արժեքավոր գործիք՝ ներկայացնելով հայկական գրավոր ժառանգության աշխարհագրությունը, պատմությունն ու զարգացումը Հայաստանում և աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ մեր համագործակցությունն անգնահատելի է,- ասել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, - Այս նոր նախագծով մենք կունենանք շատ օգտակար գործիք՝ ինտերակտիվ քարտեզ, որը հնարավորություն կտա առավել պատկերավոր ներկայացնել հայ գրչության կենտրոնները, որոնք բացառիկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում: Արդի տեխնոլոգիական լուծումներն ամենաարդյունավետ միջոցն են՝ ներկայացնելու հայկական մշակութային հարուստ ժառանգությունն ու դրա ազդեցությունը համաշխարհային մշակույթի գանձարանում»:

Ընդամենը մեկ հպումով Մատենադարանի յուրաքանչյուր այցելու կկարողանա ճանապարհորդել պատմության մեջ և տեսնել գրչության տասնյակ կենտրոնների զարգացումը: Առանձին պատուհանով կբացվեն գրչության կենտրոնների պատկերները և դրանց մասին մանրամասն տեղեկություններ՝ հակիրճ պատմությունը, աշխարհագրական դիրքը, վանական համալիրի ճարտարապետական բնութագիրը, թե որտեղ է գտնվել տվյալ կենտրոնը: Առանձին պատուհաններով կտրամադրվի նաև ինֆորմացիա ձեռագրերի մասին՝ վերնագիր, ժամանակաշրջան, գտնվելու վայր, գրչի ևմանրանկարչի անուններ, վիճակագրական տվյալներ և այլն:

«Ուրախ ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը Մատենադարանի հետ, որտեղ հսկայական քանակության հայկական ձեռագրեր են պահվում: Այս ձեռագրերն են պատուհան բացում դեպի հայկական մտքի և Արևմտյան աշխարհի պատմություն: «Ավրորան» կարևորում է հայերի անցյալն ու ներկան համաշխարհային զարգացման համատեքստում ներկայացնելը: Այս նախագիծը ևս ծառայում է այդ գործին՝ բացի պահպանումից, հեշտացնելով դրանց բազմակողմանի ներկայացումը»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

Այսպիսով, «Ավրորան» չորրորդ դրամաշնորհն է տրամադրում Մատենադարանին՝ հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում: 2015թ-ի դրամաշնորհով ինստիտուտը հնարավորություն ստացավ ձեռք բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչև հիմա թվայնացվել է ավելի քանի 4560 ձեռագիր և հազվագյուտ արխիվային փաստաթուղթ: