ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, «բնականաբար ՀՀ-ի արձագանքը պետք է լինի համարժեք»:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելի հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի», - ասել է վարչապետը:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի։

«Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը», - ասել է Փաշինյանը։