ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում պատասխանել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե Թուրքիայից ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից:

Վարչապետն ասել է, որ չի պատրաստվում փոխզիջումների գնալ հարկերից խուսափող՝ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ:

«Առաջ կար օլիգարխիա, հիմա անտիօլիգարխիա: Այն ժամանակ արտոնյալներ կային, հիմա այդ արտոնյալն ուրիշներն են ուզում դառնալ: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասել է վարչապետը՝ նկատելով, որ սուտը դարձել է հասարակական հարաբերությունների ձև:

Փաշինյանը առևտրականներին հորդորել է ազնիվ լինել բիզնեսում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները:

«Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, և այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և ասում ենք՝ եկեք քննարկենք, բայց մի խաբեք մեզ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև անդրադարձել է փողոցային առևտրին՝ նշելով, որ Երևանի կենտրոնը «չի վերածվելու արևելյան շուկայի»: