Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում էլ, որի աջակիցներից է Եվրոպական ներդրումային բանկը, համայնքային մոտ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարանում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:

Բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Անդրադառնալով կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացմանը՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև աղբի տեսակավորման գործընթացի կիրառումը և նշել, որ ոլորտում արդյունքներ գրանցելու համար այս մոտեցումը ևս անհրաժեշտություն է:

Մացեյ Ժուրան քաղաքապետին գործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել համագործակցության ուղղությունները և օժանդակել Երևանի համար հրատապ խնդիրների լուծմանը: Բանկը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացման հարցում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել համագործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով: