Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ:

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի, Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի վարչապետը հաջողություն է մաղթել Լիբանանի վարչապետին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստն այս տարվա ապրիլին: