Փետրվարի 17-ին Միացյալ Նահանգներում կանցկացվի Գլենդելում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանին նվիրված առաջին թելեթոնը, որի նպատակն է հանրությանն իրազեկել այս պատմական նախագծի մասին, ինչպես նաև դրա համար ֆինանսական միջոցներ հավաքել:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, թելեթոնն ուղիղ միացմամբ կհեռարձակվի ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում (ARTN TV, USArmeniaTV, Horizon TV, KVMD TV, Facebook Live, YouTube Live):

«Մենք ոգևորված ենք փետրվարի 17-ի թելեթոնի շրջանակում Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը համայն աշխարհին ներկայացնելու կապակցությամբ»,- նշել է թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը՝ կոչ անելով մարդկանց իրենց նվիրատվություններով աջակցել նախագծին:

Աղբյուրը մանրամասնում է, որ թելեթոնով կտրվի նախագծին նվիրված միջոցառումների տարվա մեկնարկը:

Նշենք, որ Հայ-ամերիկյան թանգարանն իր տեսակի մեջ բացառիկ մշակութային և կրթական կենտրոն կլինի ԱՄՆ-ում: Ըստ նախագծի՝ Գլենդել քաղաքի Կենտրոնական այգում կառուցվելիք թանգարանը եռահարկ կլինի: Առաջին հարկում տեղակայված կլինի 300-350 հոգու համար նախատեսված դահլիճ, երկրորդ հարկում՝ պատկերասրահ, իսկ երրորդում՝ ուսումնական կենտրոն: Կառույցի բացօթյա տանիքը կօգտագործվի քանդակների ցուցադրության համար: Ենթադրվում է, որ թանգարանը կբացվի 2023թ.: