Նոյեմբերի 30-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կմեկնի Բաքու, որտեղ դեկտեմբերի 1-ին կմասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ առաջին ժողովին:

«Էրմենիհաբերի»-ի փոխանցմամբ,  ժողովի ժամանակ կողմերը կքննարկեն եռակողմ հարաբերությունների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները: Կքննարկվեն նաև տարածաշրջանային  և միջազգային մի շարք խնդիրներ: Նախատեսվում է արտգործնախարարների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին Բաքվում տեղի կունենա նաև «Ասիայի սիրտը, ստամբուլյան գործընթացը» անվամբ 7-րդ համաժողովը, որին նույնպես Չավուշօղլուն կմասնակցի:
«Ասիայի սիրտը, ստամբուլյան գործընթացը» համաժողովը կազմակերպելու մասին որոշումը կայացվել է 2011թ-ին:  Այն հանդիսանում է տարածաշրջանային հարցերի և խնդիրների քննարկման համար հարթակ:

Համաժողովին մասնակցում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և ՄԱԿ-ը: