Կառավարության նիստում հետ է ուղարկվել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի բերած օրինագիծը՝ մինչև դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև ապրիլի 1-ը թույլ տալու վերաբերյալ։

Օրինագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք խոսքը գնում է միայն ՀՀ մաքսային սահմանին գտնվող մեքենաների մասին, ինչին Արշակյանը պատասխանել է, որ որոշումը կվերաբերվի նաև ճանապարհին գտնվող մեքենաներին՝ ընդամենը 830 հատ, որից սահմանին են 442-ը։

Փաշինյանը հակադարձել է, որ Այրումում ներկրողների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ խոսքը միայն մաքսակետին եղած մեքենաներին է վերաբերվում:

«Հիմա կարող է պարզվի՝ 10 հազար գնված մեքենա կա, կեսն էլ՝ Ճապոնիայում․․․ Պայմանավորվել ենք, որ VIN կոդերով՝ գնված մեքենաների հարցը լուծում ենք։ Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք՝ այլ բան անենք», - ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ աջ ղեկով մեքենաների աճն անթույլատրելի է, քանի որ դրանք երթևեկությունում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Վարչապետը Արշակյանին հորդորել է վերանայել նախագիծը, որպեսզի այն վերաբերվի միայն սահմանին կուտակված 442 մեքենային։